Ինչպես գրում է EurekAlert հրատարակչությունը, Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների խմբին հաջողվել է առաջին անգամ ցողունային բջիջներով թերապիայի օգնությամբ պարալիզված առնետներին վերադարձնել քայլելու հնարավորությունը և սեփական վերջույթներն զգալու ունակությունը: Բացի այդ, այդպիսի բուժումը բերել է վնասված ողնուղեղի վերականգնմանը:
Բացառիկ հետազոտությունը ղեկավարել է դոկտոր Շուլամիտ Լևենբերգը: Փորձի ընթացքում լաբորատոր առնետների խմբի մոտ հատվել է ողնուղեղը, ինչի արդյունքում առնետների վերջույթները պարալիզվել են: Այնուհետև այդ նույն կենդանիներին իմպլանտացվել են մարդկային ցողունային բջիջներ, որոնք ստացվել են բերանի խոռոչի լորձաթաղանթից: Այդ բջիջները հատուկ եղանակով մոդիֆիկացվել են այն բանի համար, որ կարողանան արտադրել նյարդային հյուսվածքի աճման գործոններ:
Բացի այդ, որպեսզի ցողունային բջիջներն ամրանան անհրաժեշտ տեղերում, փորձագետները կրծողների ողնուղեղի համար ստեղծել են եռաչափ կարկաս: Բջիջներն առնետներին ներմուծվել են հավասարաչափ ժամանակային ընդհատումներով` մի քանի շաբաթվա ընթացքում: Ստուգողական խումբն ընտրվել է նույնպիսի ողնուղեղային վնասում ունեցող առնետներից: Բայց այս կենդանիները ստացել են նյարդային հյուսվածքի վերականգնման ավանդական բուժում:
Երեքշաբաթյա փորձարկման արդյունքում ստորին վերջույթների կաթվածով առնետների 42%-ը՝ պահպանելով սեփական քաշը, կարողացել են կրկին քայլել, իսկ 75%-ը՝ բուժմանն արձագանքելու արդյունքում, սկսել են զգալ իրենց թաթերն ու պոչը: Ստուգողական խմբում վերականգնման տոկոսը եղել է աննշան:
Ներկայում Իսրայելի գիտնականները կատարում են հետագա հետազոտություները, որոնք հնարավորություն կտան պարզել այն պատճառը, որը թույլ չի տվել, որ թերապիան դրական ազդի բոլոր կենդանիների վրա: