Հասուն օրգանիզմի ցողունային բջիջներն ապահովում են մարդու նորմալ զարգացումը, մասնակցում հիվանդ, վնասված հյուսվածքների վերականգնմանը, սակայն մեծահասակների բջիջները նույնքան ունիվերսալ չեն, որքան էմբրիոնի բջիջները: Նրանք կարող են դառնալ բջիջների այն տեսակը, որը պահպանում է այն հյուսվածքի առանձնահատկությունը..., որից անջատված է: Ստանալով հիվանդ կամ վնասված հյուսվածքից ազդանշան, այդ բջիջներն սկսում են կիսվել /մեկ դուստր բջիջը մնում է ցողունային, իսկ մյուսը դառնում է մասնագիտացած/: Դրանք դառնում են վնասված հյուսվածքի բջիջներ և, այդպիսով, վերականգնում են հիվանդ օրգանի ամբողջականությունը: Երբ հյուսվածքում ցողունային բջիջները վերջանալու վտանգ կա, լրացուցիչ կիրառում են ոսկրածուծի հատուկ ցողունային բջիջներ:
Բնակչությանն առավել հայտնի են ոսկրածուծի ցողունային բջիջները:
Ոսկրածուծը լի է ցողունային բջիջներով, որոնցից ձևավորվում են արյան բոլոր բջիջները: Երեխաներին և մեծահասակներին, ովքեր հիվանդանում են արյան քաղցկեղով, ոչ միշտ է օգնում միայն դեղորայքային բուժումը /քիմիաթերապիա, իմունաթերապիա/: Ոմանց կարող է օգնել միայն դոնորային ոսկրածուծի փոխպատվաստումը, որի ժամանակ պացիենտի արյունաստեղծման համակարգի հիվանդ բջիջները փոխարինվում են դոնորի առողջ բջիջներով, և կրկին սկսվում է արյան առողջ բջիջների արտադրությունը:
Ոսկրածուծից ցողունային բջիջների ստացումը վիրաբուժական միջամտություն է: Տեղային կամ ընդհանուր անզգայացման տակ դոնորի առավել հաճախ` կոնքազդրային ոսկրից, ստերիլ ասեղով վերցնում են ոսկրածուծը: Միջամտությունը տևում է մի քանի ժամ, արդյունքում ստանում են դոնորից արյուն և ոսկրածուծի սուսպենզիա` մոտավորապես 700-1500 մլ:
Ցողունային բջիջներ, թեկուզ և փոքր ծավալով, կարելի է գտնել նաև շրջանառվող /պերիֆերիկ/ արյան մեջ: Դրանք կարելի է վերցնել, երբ հիվանդն առողջանում է ինտենսիվ քիմիաթերապիայից հետո և դրանց թիվն արյան մեջ ավելանում է, կամ կարելի է վերցնել դոնորի արյունից:
Դոնորը մի քանի օր գտնվում է աճի գործոնի ազդեցության տակ՝ հատուկ սպիտակուց, որը դրդում է ցողունային բջիջների բազմացումը և դրանց անցումն արյան մեջ: Երբ արյան մեջ առաջանում են բավականին թվով ցողունային բջիջներ, դրանք կարելի է վերցնել: Այդ միջամտությունը տևում է 3-8 ժամ:
Շատ կարևոր է ոսկրածուծի հարմար դոնոր գտնելը: Նախևառաջ, դոնոր փնտրում են ընտանիքում /հետազոտվում են եղբայրներն ու քույրերը/, որի հավանականությունը մոտավորապես 20 տոկոս է: Մյուս բոլոր դեպքերում հիվանդների համար դոնոր պետք է գտնել ոչազգակցային ոսկրածուծի ռեգիստրում /Լիտվա կամ Համաշխարհային ռեգիստր/: Ցավոք, երբեմն նունիսկ 12 միլիոն կամավորների շրջանում գտնել համապատասխան դոնոր չի հաջողվում: Այդ պատճառով պետք է գտնել փոխարինող մեթոդներ` ավելի շատ կյանքեր փրկելու համար:
Սկզբնաղբյուր. klb.lt/ru