Ցողունային բջիջներն ավելի ու ավելի են օգտագործվում բուժման նոր մեթոդներում: Օրինակ, ինչպես հայտնում է Neurosciencenews պորտալի խմբագրությունը, Ավստրալիայի Մոնաշա համալսարանի հետազոտողների խումբը կարողացել է վերականգնել ակվարիումային պարալիզված ձկան ողնուղեղի վնասված շրջանների նեյրոնները` վերադարձնելով նրան շարժվելու ունակությունը:
Փորձարկման համար ընտրվել է կարպի այնպիսի տեսակ, որի մարմինը թափանցիկ է և գիտնականները կարող էին վերականգնման գործընթացին հետևել անմիջապես: Ողնուղեղի վնասումից հետո փորձարկողները գրանցել են ցողունային բջիջների ակտիվությունը: Վերականգնման ամբողջ ընթացքը տևել է երկու օր:
Ինչպես հայտարարել է փորձարկման ղեկավար դոկտոր Ջան Կասլին. «Մենք հավաքել և ուսումնասիրել ենք այդ տեսակի 6200 ձկների տվյալների բազա, և արդեն կարող ենք ստացված տվյալները տեղափոխել մարդու մարմնում ընթացող գործընթացներին: Բանն այն է, որ ձկների նյարդային թելերի վերականգնման մեջ մասնակցում են այն նույն խմբի բջիջները, որոնք առկա են նաև մարդկանց մոտ, սակայն մարդու մոտ դրանք, անհայտ պատճառով ակտիվ չեն»:
Փորձարկման ընթացքում պարզվեց, որ վերականգնման գործընթացը բաժանվում է 2 մասի: Առաջին մասի ժամանակ բջիջները տեղափոխվում են դեպի վնասված օջախ, իսկ երբ արդեն կուտակվում են այնտեղ, սկսվում է երկրորդ մասը` տեղի է ունենում բջիջների ակտիվացում և նյարդային թելիկների վերականգնում:
Ներկայում գիտնականները ցանկանում են ավելի խորությամբ ուսումնասիրել այդ գործընթացը` մոլեկուլյար-գենետիկ մակարդակով, որպեսզի հասկանան, թե ինչպես կարելի է նույնն իրականացնել մարդու օրգանիզմում: Եթե նրանց ջանքերը պսակվեն հաջողությամբ, դա կարող է գլխուղեղի և ողնուղեղի վնասումով մարդկանց բուժման մեջ նոր և մեծ հնարավորություններ ընձեռել:
Սկզբնաղբյուր` https://hi-news.ru/tag/stvolovye-kletki