Ամերիկացի գիտնականներն ավարտում են երեխաների մոտ լսողության վերականգնմանն ուղղված բջջային թերապիայի փորձարկումները: Եղանակի հիմքում պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջներն են, գրում է "NEWSru Israel"-ը` AFP" հղումով: Փորձարկումները փաստում են, որ ցողունային բջիջների... փոխպատվաստումը հնարավորություն է տալիս վերականգնել ներքին ականջի կառուցվածքը:
Փորձագետները պլանավորում են մոտ ապագայում հրապարակել մարդկանց վրա իրականացված փորձարկումների ամբողջական հաշվետվությունը: Հայտնի է, որ կամավորներից էր երկամյա Ֆինն Մակգրետը: Նրա մոտ ուղեղի վնասման հետևանքով առաջացել էր լսողության կորուստ: Ծննդաբերական վնասվածքի հետևանքով առաջացած տևական թթվածնային քաղցի պատճառով տուժել էր երեխայի ուղեղը: Այն ո՛չ միայն խլություն առաջացրեց, այլև բարձրացրեց ուղեղային կաթվածի և մտավոր հետամնացության ռիսկը:
Նախքան երեխայի ծնունդը ծնողները վճարել էին երեխայի պորտալարային արյան նմուշի ստացման և պահպանման համար: Առաջին անգամ արյունից ստացված ցողունային բջիջների փոխպատվաստում իրականացվեց 2009 թվականին: Այդ ժամանակ տղան յոթ շաբաթական էր: Ավելի ուշ իրականացրին երկրորդ փոխպատվաստումը: Եվ 2010 թվականին արդեն հնարավոր էր նկատել փոփոխությունները. հիվանդն արձագանքում էր բարձր ձայներին և երաժշտություն էր լսում:
Իրականացվեց նաև բջիջների երրորդ փոխպատվաստումը (մեկ տարեկան հասակում): Իսկ քննությամբ լսողության որակը գնահատվեց նորմայի սահմաններում: Դեռևս վաղ է վերջնական եզրակացություններ անել, նշում են գիտնականներն ու երեխայի ծնողները: Սակայն հիմք կա ենթադրելու, որ նման բուժումը կարող է օգնել ուղեղի վնասման հետևանքով առաջացած խլությամբ երեխաներին: