+374 91 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Չինացիները կորոնավիրուսային թոքաբորբի դեմ պայքարելու համար կիրառել են ցողունային բջիջներ

2020 Մար 23, Երկուշաբթի


Չինացի բժիշկների երկու խումբ փորձել է կորոնավիրուսային վարակով պացիենտներին բուժել մեզենխիմալ ցողունային բջիջներով։ Ըստ բժիշկների հաղորդման, այս միջոցառումն օգնում էր նվազեցնել բորբոքման մակարդակը նույնիսկ ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների մոտ։ Իսկ ահա՝ որքանով են ցողունային բջիջները մասնակցում վնասված հյուսվածքների վերականգնմանը, դեռևս հայտնի չէ։ Հետազոտությունները նախնական հրապարակվել են չինական ChinaXiv պրեպրինտ պորտալում։

Մինչև ամբողջ աշխարհի բժիշկներն ընտրում են հակավիրուսային միջոցներ, որոնք կարող են արդյունավետ լինել SARS-CoV-2-ի նկատմամբ, որոշ չինացի գիտնականներ որոշեցին այլ ճանապարհ ընտրել։ Նրանք նշեցին, որ հիվանդները հաճախ մահանում են, ոչ թե վիրուսի անմիջական ազդեցությամբ, այլ վարակի ֆոնին զարգացած բորբոքման հետևանքով։

SARS-CoV-2 ամրանում է այն բջիջներին, որոնց մակերեսին կա АСЕ2 սպիտակուց (արյան ճնշման կարգավորման կասկադին մասնակցող անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի ռեցեպտոր)։  АСЕ2 շատ կա ալվեոլոցիտների թաղանթի վրա, որոնք թոքերը ներսից պատող բջիջներ են։

Հետևաբար, վիրուսը դրանք առաջին հերթին է գրոհում, որոնք էլ բորբոքային սպիտակուցներ են արտադրում։ Պայքարի մեջ մտնում են իմունային համակարգի բջիջները, որոնք չունեն  АСЕ2 սպիտակուցներ և չեն ենթարկվում վիրուսի ազդեցությանը, ինչի պատճառով էլ թոքերում բորբոքում է զարգանում։ Ծանր դեպքերում այն կարող է անցնել ցիտոկինային հողմի, երբ բորբոքային սպիտակուցների չափազանց մեծ քանակություն է արտանետվում, որոնք բերում են թոքերում գազափոխանակության խանգարման և սրտային անբավարարության զարգացման։

Հետևաբար, ճիշտ բուժումը պետք է իր մեջ ներառի իմուն պատասխանի ընկճում։ Կլինիկաներում դրա համար ստանդարտ գլյուկոկորտիկոիդներ են կիրառում  (մակերիկամների հորմոններ), սակայն միշտ չէ, որ այդ բուժումն օգտակար է, իսկ երբեմն էլ այն դանդաղեցնում է օրգանիզմից վիրուսի դուրս բերումը։ Այդ պատճառով բժիշկների մի քանի խումբ, միաժամանակ, որոշեցին կիրառել իմունաընկճման այլ ձև՝ մեզենխիմալ ցողունային բջիջներ։ Դրանք հայտնի են հակաբորբոքային սպիտակուցների լայն սպեկտր արտադրելու իրենց ունակությամբ՝ իմունային բջիջներից պաշտպանվելու համար։ Որոշ երկրներում դրանք արդեն թույլատրվում են որպես բորբոքումը նվազեցնելու միջոց՝ ոսկրածուծի փոխպատվաստման կամ աղիների հիվանդության ժամանակ։

Բժիշկների առաջին խումբը Պեկինի համալսարանից՝ Մին Հուի ղեկավարությամբ, որոշեց իր փորձարկման մեջ կիրառել պորտալարից ստացված մեզենխիմալ ցողունային բջիջներ։ Նրանց հիվանդը 65 տարեկան չինուհի էր, ով մոտավորապես մեկ շաբաթ բուժվում էր կորոնավիրուսի կապակցությամբ` ստանդարտ թերապիայով։  Այդ ժամանակահատվածում արյան մեջ էրիթրոցիտների քանակը նվազել էր, իսկ լեյկոցիտներինն, ընդհակառակը, աճել։ Չնայած բժիշկների  ջանքերին՝ հիվանդի վիճակը շարունակում էր մնալ ծանր, կային շնչական անբավարարության նշաններ, լյարդի ախտահարում, սակավարյունություն, ինչպես նաև` գերճնշում, 2-րդ տիպի շաքարային դիաբետ և ստամոքսային արյունահոսություն։

Իրականացվեց պորտալարային մեզենխիմալ ցողունային բջիջների երեք ներարկում՝ երեք օր ընդմիջումով։ 12 օր հետո նրա վիճակը զգալիորեն բարելավվեց, լեյկոցիտների քանակը, ինչպես նաև ֆիզիոլոգիական ցուցանիշների մեծ մասը նորմալացավ։ Համակարգչային շերտագրությամբ բժիշկները նկատեցին նաև թոքերում բորբոքային օջախների վերացում և հիվանդին դուրս գրեցին ինտենսիվ թերապիայի բաժանմունքից։

Բժիշկների երկրորդ խումբը Շանհայի համալսարանից ՝ Ռոբերտ Չունհուա Ժաոյի ղեկավարությամբ, ավելի մանրակրկիտ փորձարկում է իրականացրել։ Նրանք ընտրեցին 7 պացիենտ, որոնց ստանդարտ հակավիրուսային բուժումը չի օգնել։ Նրանցից մեկը հետազոտության սկզբում գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, չորսը՝ ծանր վիճակում, իսկ երկուսի մոտ վարակն ընթանում էր ստանդարտ ձևով։ Նրանք բոլորը համալսարանական կենսաբանկի մեզենխիմալ ցողունային բջիջների մեկական ներարկում ստացան, և հետազոտողները երկու շաբաթ հետևեցին նրանց առողջությանը։

Հիվանդներից մեկի թոքերի շերտագրությունը. հունվարի 23-ին՝ մինչև թոքաբորբը, հունվարի 30-ին՝ թոքաբորբը զարգացել է, փետրվարի 2-ին՝ ներարկումն արդեն կատարվել է, սակայն թոքաբորբը խորանում է, փետրվարի 9-ին՝ վիճակն արդեն չի համարվում  ծանր։

Փոխպատվաստումից առաջ բոլոր հիվանդների ջերմությունը բարձր էր, շնչառությունը՝ դժվարացած։ Ներարկումից 2-4 օր անց այդ ախտանիշներն անհետացան, և մերժման, գերզգայնության որևէ ախտանիշ կամ այլ կողմնակի ազդեցություն բժիշկները չարձանագրեցին։ Երեք հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից  (նրանց մոտ վիրուսային ՌՆԹ-ի հետքեր չեն հայտնաբերվել), և նույնիսկ ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդի ախտանիշներն աստիճանաբար թեթևացել են, հետո՝ անհետացել։ Որպես կոնտրոլ՝ հետազոտողները պլացեբո ներարկեցին ևս երեք ծանր վիճակում գտնվող հիվանդների։ Դիտարկման վերջում նրանցից մեկը մահացել է, ևս մեկը տառապում էր շնչական անբավարարությամբ, երրորդի վիճակը կայուն էր։

Հետազոտության հեղինակները բջջային թերապիայի հաջողությունը բացատրում են վերջինիս հակաբորբոքիչ ազդեցությամբ։ Նրանք նկատեցին, որ ներարկումից հետո պացիենտների մոտ հակաբորբոքիչ ինտերլեյկին -10 -ի կոնցենտրացիան աճել է 4 անգամ, իսկ բորբոքային սպիտակուց ուռուցքի նեկրոտիկ գործոն-ալֆան նվազել է երկու անգամ։ Բացի այդ, գիտնականները որոշեցին մեզենխիմալ բջիջների ՌՆԹ-ի հաջորդականությունը և հայտնաբերեցին, որ դրանք էքսպրեսիայի են ենթարկում մի շարք սպիտակուցներ, որոնք կապված են ո՛չ միայն բորբոքման ընկճման, այլ նաև բջիջների բաժանման խթանման հետ։ Հետազոտողները ենթադրում են, որ մեզենխիմալ բջիջները կարող են նպաստել վնասված տեղամասերի վերականգնմանը։  Բացի այդ, պարզվեց, որ նրանցում աշխատող գեների հավաքածուն ինչ-որ ձևով նման է ալվեոլոցիտների գեներին։

Դա կարող էր խոսել այն մասին, որ ցողունային բջիջներն ալվեոլոցիտներում տարբերակվում են՝ այդպիսով մասնակցելով ռեգեներացիային, սակայն ուղղակի ապացույցներ առայժմ չկան։

Այսպիսով, մեզենխիմալ ցողունային բջիջները կարող են օգնել վարակի դեմ պայքարում, որը ստանդարտ բուժման չի ենթարկվում։ Չնայած թոքային հյուսվածքի ռեգեներացիայում դրանց մասնակցության ուղղակի ապացույցները բացակայում են՝ մեզենխիմալ ցողունային բջիջներն արյան մեջ փոխում են բորբոքային և հակաբորբոքիչ նյութերի հարաբերակցությունը՝ նվազեցնելով ցիտոկինային հողմի ռիսկը։
Հեղինակի կողմից

Միևնույն ժամանակ չարժե հուսալ, որ այս բուժումը լայն տարածում կգտնի։ Երկու փորձարկումների ժամանակ էլ հիվանդները մեծ քանակությամբ բջիջներ են ստացել։ Կարճ ժամանակում մարդու օրգանիզմից այդ բջիջներն ստանալն անհնար է, ժամանակ է պահանջվում դրանք անջատելու և բազմացնելու համար։ Այդ պատճառով, անհետաձգելի դեպքերում, կարելի է օգտվել միայն ալոգեն բջիջներից, այսինքն, դոնորական, որոնք պահպանվում են կենսաբանկերում։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ այդպիսի բուժումը կարող է ուղեկցվել որոշակի ռիսկերով  (ինչպես ցանկացած օտարածին նյութի փոխպատվաստում) և կարող է բավականին թանկ արժենալ։ Բացի այդ, հարկ է չմոռանալ, որ հրապարակված հոդվածները դեռևս չեն վերանայվել, իսկ նկարագրված կլինիկական փորձարկումներն իրականացվել են շատ քիչ քանակությամբ հիվանդների մոտ։  

Սկզբնաղբյուր. poisknews.ru

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 91 28 38 32

info@biostem.am