Կյանքի ստեղծման համար անհրաժեշտ է արական և իգական սեռական բջիջների միաձուլումը: Իսկ հնարավո՞ր է կյանքի սկիզբն առանց այդ գործընթացի: Ինչպես տեղեկացնում է The Daily Mail –ը, Մաաստրիխտյան համալսարանի (Նիդերլանդներ) հետազոտողները ստեղծել են էմբրիոն... ցողունային բջիջներից՝ առանց ձվաբջջի և սպերմատոզոիդի օգտագործման:
Իրենց փորձարկումների համար գիտնականները փորձանոթում միավորել են տարբեր օրգանիզմների ցողունային բջիջների 2 խումբ: Ընդ որում, միանալով, այդ բջիջn աճել և հասել է էմբրիոնի ֆազայի` չտարբերվելով իր կազմով ավանդական միջոցով ձևավորված էմբրիոնից: Բջիջներն աճել են մինչև էմբրիոնի վաղ ստադիան՝ արգանդում նրա տեղակայումից առաջ, դառնալով բլաստոցիտ, այսինքն, նրանց մեջ արդեն սկսվել է բջիջների տարբերակման գործընթացը: Ավելին, այն բանից հետո, երբ բլաստոցիտը տեղակայել են արգանդի մեջ, դա բերել է այնպիսի փոփոխությունների, ինչպիսին առաջանում են 3 և կես օրական էմբրիոնի դեպքում:
Իհարկե, փորձարկումները կատարվել են ոչ թե մարդկանց, այլ լաբորատոր մկների վրա: Բայց հետազոտողները պնդում են, որ փորձարկումների ավարտից հետո նոր տեխնոլոգիան կբերի կենդանի օրգանիզմների ստեղծման` առանց սպերմատոզոիդի և ձվաբջջի մասնակցության, առաջիկա 3 տարվա ընթացքում:
Այդպիսի էմբրիոնների ստեղծումը կամ, ավելի ճիշտ՝ «արտադրությունը» կբերի միանգամայն միանման էակների անսահմանափակ քանակի ի հայտ գալուն, որոնց կարելի է օգտագործել հետազոտական նպատակներով: Բայց որոշ գիտնականներ զգուշանում են նման տեխնոլոգիաներից: Չէ՞ որ տեսականորեն այն կարելի է կրկնել նաև մարդկանց վրա, չնայած դրա համար ավելի երկար ժամանակ կպահանջվի: Մասնագետների կարծիքով, դրա համար անհրաժեշտ կլինի 15-20 տարի: Սակայն կլոնների հսկայական բանակի ստեղծման հեռանկարը բավականին սարսռազդու է: