Պարզվում է, որ մեկօրյա քաղցը նպաստում է ցողունային բջիջների վերականգնմանը: Այդ եզրահանգմանն են եկել ԱՄՆ գիտնականները՝ ծեր և երիտասարդ մկների վրա կատարված փորձերի ընթացքում: Սոված կրծողների մոտ բջիջներն սկսել են գլյուկոզայի փոխարեն քայքայել ճարպաթթուները: Դրա շնորհիվ լավացել է աղիների ցողունային բջիջների վերականգնողական ունակությունը. Գրում է The Deccan Chronicle-ը:
Բացի այդ, մասնագետները վերականգնումը դրդել են այն մոլեկուլի օգնությամբ, որը քաղցին համարժեք ակտիվացնում է նույն մետաբոլիկ ուղին: Նման մեթոդը կարող է օգնել ստամոքս-աղիքային համակարգի ինֆեկցիոն հիվանդություններով տառապող, քիմիաթերապիա ստացող քաղցկեղով հիվանդ մարդկանց:
Աղիների ցողունային բջիջները պատասխանատու են լորձաթաղանթի նորմալ վիճակի համար, որը, սովորաբար, նորանում-վերականգնվում է 5 օրը մեկ: Վնասվածքների և ինֆեկցիաների ժամանակ ախտաբանությունը վերականգնելու գործընթացում ցողունային բջիջները հսկայական դեր ունեն: Ծերացման ընթացքում աղիներում ցողունային բջիջների վերականգնողական ունակությունը նվազում է: Այդ պատճառով վերականգնումն ավելի շատ ժամանակ է պահանջում:
Փորձի ժամանակ փորձարարական մկներին սոված են պահել 24 ժամ: Հետո մասնագետներն ուսումնասիրել են նրանց աղիների ցողունային բջիջները: Գիտնականները պարզել են, որ քաղցի շնորհիվ աղիների ցողունային բջիջների վերականգնողական ունակությունը բարձրացել է 2 անգամ: Սովի պատճառով սկսվել է ճարպաթթուների մետաբոլիզմ, որն ակտիվացրել է PPAR (տրանսկրիպցիայի գործոններ) ռեցեպտորները: Երբ այս մեխանիզմը արգելակել են, սովը չի օգնել ցողունային բջիջներին վերականգնվել:
Սկզնաղբյուր. meddaily.ru