Չիլիի համալսարանի մասնագետները բջջային թերապիայով բուժել են առնետներին` ալկոհոլային կախվածությունից: Փորձարարական կենդանիների ալկոհոլ օգտագործելու մակարդակն իջել է 90 տոկոսով: Գիտնականները հույս ունեն, որ ապագայում այս մեթոդը հնարավոր կլինի օգտագործել մարդկանց մոտ ալկոհոլիզմը բուժելու համար, գրում է The Daily Mail-ը:
Փորձարկումների ժամանակ ալկոհոլն առնետներին տվել են մեկ շիշ օղուն համապատասխան չափով: Արդյունքում կրծողների մոտ զարգացել է ծանր աստիճանի կախվածություն:
Նրանք ալկոհոլը գերադասում էին ջրից: Այնուհետև նվազեցրել են առնետների կողմից ալկոհոլի ընդունման քանակը: Նրանք այն ստացել են օրական 60 րոպեի ընթացքում: Այնուհետև որոշ առնետների սկսել են բուժել: Մասնագետներն օգտագործել են մարդկային մեզենխիմալ ցողունային բջիջներ: Այդ բջիջները ստացել են ճարպային հյուսվածքից և աճեցրել հատուկ պայմաններում: Բջիջներն առնետներին ներմուծել են կաթիլային ներարկմամբ: Ընդամենը մեկ ներարկումն արդեն դրական ազդեցություն է ունեցել փորձարարական կենդանիների վրա:
Առնետները, որոնց ներարկել են ցողունային բջիջներ, սկսել են ջուրը գերադասել օղուց և ավելի քիչ էին հետաքրքրված ալկոհոլով, քան նախնական խումբը: 48 ժամ անց այդ առնետներն օգտագործել են 90 տոկոսով նախկինից ավելի քիչ ալկոհոլ: Մեկ ներարկումից հետո կրծողների մոտ 4 շաբաթվա ընթացքում կրկնություն չի եղել: Հետազոտողների խոսքերով, մեզենխիմալ ցողունային բջիջները կանխում են թթվածնի ակտիվ ձևերի առաջացումը, որոնք բարձրացնում են ալկոհոլային կախվածության զարգացման ռիսկը:
Սկզբնաղբյուր. meddaily.ru