+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջներից առաջին անգամ ստեղծել են բաբախող սիրտ

2018 Հոկ 22, Երկուշաբթի


Գիտության պատմության մեջ առաջին անգամ գիտնականներն օգտագործել են ցողունային բջիջները մարդկային սրտի կծկվող մկաններ աճեցնելու նպատակով: Դրա համար նրանց պետք էր ընդամենը 4 շաբաթ:
Կոլումբիական համալսարանի գիտնականներն առաջին անգամ աճեցրել են մարդկային սրտի մկաններ, որոնք աշխատում են իսկական սրտի նման: Ընդ որում, մոր արգանդում սաղմի սրտի լիարժեք զարգացման համար անհրաժեշտ 9 ամսվա փոխարեն, գիտնականներին սիրտ ստեղծելու համար բավական էր ընդամենը 4 շաբաթը: Նոր մկանները ստացվել են ցողունային բջիջներից: Չնայած այսօր գիտությունն ընդունակ է աճեցնել տարբեր հյուսվածքներ, այդ թվում նաև` սրտի մկաններ, սակայն միայն հիմա գիտնականները կարողացան ստեղծել հնարավորին հասուն մկաններ այն բանի համար, որպեսզի դրանք օգտագործվեն բժշկական հետազոտություններում: Դա գիտության մեջ տեղի է ունեցել առաջին անգամ:

Այս հայտնագործությունն ունի զուտ կիրառական նշանակություն, քանի որ նման սրտամկանները կարելի է օգտագործել մարդու ֆիզիոլոգիայի և ամենատարբեր ծանր հիվանդությունների ուսումնասիրության համար, ինչպիսին է, օրինակ, սրտային անբավարությունը, ինչպես նաև կլինիկական հետազոտություններում բուժման նոր միջոցներ հայտնաբերելու նպատակով:

Նշենք, որ գիտնականներն առաջին անգամ չէ, որ սրտամկան են աճեցնում, բայց բոլոր նախկին փորձերն անհաջող են եղել, քանի որ ստացված մկանները չեն ունեցել հասուն մարդու սրտին բնորոշ հատկություններ: Մասնավորապես, դրանք չեն կարողացել կծկվել և չեն ունեցել հյուսվածքներին բնորոշ կառուցվածք:

Ցողունային բջիջներից օրգանների աճեցման տեխնոլոգիայի հիմքը մինչ այդ եղել է այդ բջիջների զարգացման ուշ ստադիաներում նրանց կիրառումը, որպեսզի հնարավոր  լինի նրանց վերածել ցանկացած հյուսվածքի:

Բայց Կոլումբիական համալսարանի հետազոտողները բջիջներն օգտագործել են զարգացման վաղ ստադիայում, երբ նրանց հեշտ է ձևափոխել: Այդ ստադիայում նրանք ավելի լավ են արձագանքել գրգիռներին, որոնք նպաստում էին նրանց աճին: Սրտամկանի աճման գործընթացն ակտիվացնելու համար հետազոտողներն օգտագործել են էլեկտրական իմպուլսներ, որոնք օգնել են մկանին կծկվել՝ ինչը և տեղի է ունենում կրծքավանդակում՝ մարդկային իսկական սրտում:

Սկզբնաղբյուր. medikforum.ru

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]