Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում:
Եվ մենք դեռ չգիտենք պորտալարային ցողունային բջիջների մասին ամեն բան, չգիտենք նրանց՝ օրգաններ և հյուսվածքներ վերականգնելու ամբողջ հնարավորությունները, բայց այսօր արդեն պարզ է, որ այդ կենսանյութի պահպանումը կարող է պարզ, անվտանգ և հասանելի միջոց դառնալ երեխայի հետագա առողջության համար:
Առաջին անգամը չէ, որ խոսվում է պորտալարային ցողունային բջիջների օգտագործման մասին` արյան, նյարդային համակարգի, սրտի հիվանդությունների, քաղցկեղի և դիաբետի բուժման համար:
Սակայն կան մի շարք ավելի «ամենօրյա» հիվանդություններ, որոնց դեպքում ցողունային բջիջների թերապիան ցուցաբերում է խոստումնալից արդյունքներ: Դրանք և՛ այրվածքներն են, և՛ տեսողության վերականգնումը` եղջերաթաղանթի վնասման ժամանակ, և՛ գանգ-ուղեղային վնասվածքների հետևանքները: