+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Գիտնականները հայտնաբերել են ցողունային բջիջների նոր տեսակ

2019 Մար 25, Երկուշաբթի


Եթե մարդկային օրգանիզմի ցանկացած բջջի բիոլոգիական ժամացույցը հետ պտտենք, ապա այն կվերադառնա ցողունային բջիջների տարատեսակներից մեկի վիճակին:  Հենց դրանցից է սկսվում բազմաբջիջ օրգանիզմների աճը: Ցողունային բջիջներն ընդունակ են ինքնանորանալ, ստեղծել նոր ցողունային բջիջներ, միտոզի ճանապարհով կիսվել և վերածվել տարբեր հյուսվածքների և օրգանների:

Կվինսլենդի համալսարանի  հետազոտողներին հաջողվել է հայտնաբերել ցողունային բջիջների նոր տարատեսակ, որոնք ընդունակ են վերափոխվել արյունատար անոթներով հյուսվածքների:
Նախապես գիտնականներն իրենց առաջ միանգամայն այլ խնդիր են ունեցել: Նրանք պլացենտայից առանձնացրել են ցողունային բջիջներ, որոնք, ինչպես ենթադրվում էր, պատասխանատու են արյունատար անոթների զարգացման և էնդոթելիալ բջիջներով նրանց  պատման համար: Սակայն երբ գիտնականները փորձել են աճեցնել դրանք, հասկացել են, որ դրանցից բացի այնտեղ  էլի ինչ-որ բան կա:  Սնուցող միջավայրի կազմի մեջ հայտնաբերվել են նաև մեզենխիմալ բջիջներ, որոնք մասնակցում են ոսկրային, աճառային և ճարպային հյուսվածքների զարգացմանը: Ինչ-որ պահի գիտնականները նույնիսկ կասկածել են, թե արդյոք փորձի ժամանակ թույլ չե՞ն տվել կոպիտ սխալներ:

«Սկզբում մտածեցինք, որ սխալ ենք թույլ տվել և բջիջների առանձնացումը մաքուր չի արված, որի պատճառով էլ սնուցող միջավայրում հայտնվել են մեզենխիմալ բջիջներ: Բայց այն բանից հետո,  երբ մանրամասն մաքրեցինք առանձնացված ցողունային բջիջները, նկատեցինք, որ նրանք ստեղծում են ոչ միայն էնդոթելիալ, այլ նաև մեզենխիմալ բջիջներ»,-պատմում է  հետազոտման հեղինակ Կիարաշ Կոսռոտերանին:

Այս բացահայտումը հնարավորություն տվեց առանձնացնել ցողունային բջիջների միանգամայն նոր տեսակ, որը գիտնականների կողմից ստացավ «մեզոէնդոթելիալ ցողունային բջիջներ» անվանումը: Փաստորեն, այդ բջիջները հանդիսանում են այլ 2 տիպի ցողունային բջիջների առաջացման աղբյուր, այդ պատճառով հետազոտողները հաճախ օգտագործում են «կրկնակի ցողունային բջիջներ» արտահայտությունը: Եթե նախկինում լաբորատորիայի աշխատակիցները առանձնացնում էին յուրաքանչյուր տեսակ, ապա այժմ դա այլևս ավելորդ է, չէ որ մեզոէնդոթելիալ բջիջները միաժամանակ երկու ֆունկցիա են միավորում իրենց մեջ:

Գիտնականները կարծում են, որ մեզոէնդոթելիալ ցողունային բջիջներն ապագայում կարող են օգտագործվել բժշկության ամենատարբեր ոլորտներում: Օրինակ, նրանց օգնությամբ հնարավոր կլինի միացնել կոտրված ոսկրը, վնասված աճառները, արյունատար անոթները: Այդ բջիջների առավելությունը կայանում է այն բանում, որ նրանք ընդունակ են աճեցնել հյուսվածքներ՝ արյունատար անոթներով, որը խիստ կարևոր է բժիշկների համար, որովհետև այլ միջոցներով հասնել այդ արդյունքին առայժմ անհնար է: Հետազոտությունների արդյունքները հնարավոր է ընթերցել Stem Cell Reports պարբերականում:

Սկզբնաղբյուր` hi-news.ru

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am