+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջներն` ընդդեմ Պարկինսոնի հիվանդության

2018 Նոյ 14, Չորեքշաբթի


Արհեստական ցողունային բջիջներից ստացված նեյրոնները նվազեցնում են Պարկինսոնի հիվանդության ախտանիշները:


  Ցողունային բջիջների կրիոբանկ

Սաղմնային ցողունային բջիջներից ստացված նեյրոններ; դեղին գույնով ներկված են դոպամին սինթեզող նյարդային բջիջները (Ֆոտո: California Institute for Regenerative Medicine / Flickr.com.)

 Ցողունային բջիջների կրիոբանկ
 
Շարժողական նեյրոնների նախաբջիջներ (կանաչով ներկված:. (Ֆոտո: California Institute for Regenerative Medicine / Flickr.com.)

Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք ցողունային բջիջների մասին, անպայման հիշում ենք նրանց բժշկական հեռանկարների մասին: Ինչպես հայտնի է, ցողունային բջիջները կարող են վերածվել ցանկացած այլ տեսակի բջջի, և նրանց օգնությամբ հնարավոր կլինի լրացնել վնասվածքների, հիվանդությունների ժամանակ առաջացող բջջային կորուստները:

Հայտնի նեյրոդեգեներատիվ հիվանդությունները (Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդություն և այլն ) կապված են ուղեղում նեյրոնների մասսայական ոչնչացման հետ: Քանի որ ցողունային բջիջները կարելի է վերածել ամեն տեսակ բջջի, հետևաբար նաև նեյրոնի: Հնարավո՞ր է արդյոք բջիջ-ցողունային եղանակով ուղեղում ոչնչացած բջիջները փոխարինել նյարդային բջիջներով:

Այստեղ շատ կարևոր պահ կա, չէ որ բավարար չէ նոր նեյրոնը պարզապես ուղեղ մտցնել, այն պետք է այլ նյարդային բջիջների հետ կապ ստեղծի, ներառվի նեյրոնային շղթաների մեջ, որոնք արտադրում են այս կամ այն ինֆորմացիան: Արդյո՞ք կարող է փոխպատվաստված նեյրոնն այդ ամենը հաղթահարի:  Իրականում կարող է. մի տարի առաջ մենք գրեցինք մի փորձարկման մասին, որի ընթացքում ցողունային բջիջներից ստացված նեյրոնները փոխպատվաստվել էին մկների ուղեղ,  տեսողական կեղևում փոխպատվաստված բջիջները ճիշտ կապի մեջ էին մտել ՛՛տեղական՛՛ բջիջների հետ, այնպես , որ մկների մոտ տեսողությունը նույնիսկ բարելավել է:

Կիոտո Համալսարանի հետազոտողները նմանատիպ փորձ են կատարել կապիկների վրա, սակայն այս դեպքում խոսքը այնպիսի նեյրոնների փոխպատվաստման մասին է, որոնք առաջին հերթին ոչնչանում են Պարկինսոնի համախտանիշի ժամանակ:

Դրա համար օգտագործեցին արհեստական ցողունային բջիջներ, որոնք ստացվել էին մարմնի հասուն մասնագիտացված բջիջներից . յոթ մարդուց (երեքը Պարկինսոնով հիվանդ և չորսը առողջ մարդկանցից) վերցրեցին արյան և մաշկի նմուշներ, ապա հատուկ սպիտակուցային կոկտեյլի միջոցով մաշկային և արյունային բջիջները վերածրագրավորեցին այնպես , որ նրանք կորցրեցին իրենց մասնագիտացումը, մոռացան իրենց ֆունկցիան և այսպես կոչված մանկություն վերադարձան:

Այս կերպ ստացված պլյուրիպոտենտ ցողունային բջիջները, ինչպես և իսկական սաղմնային ցողունային բջիջները , կարող են բաժանվել չափազանց երկար, այնպես որ դրանք կարելի էր աճեցնել  անհրաժեշտ քանակությամբ, ապա այլ սպիտակուց-կարգավորիչների օգնությամբ ուղարկել նեյրոնային զարգացման:

Պետք է ոչ թե ցանկացած նեյրոններ լինեն, այլ այնպիսիները, որոնք սինթեզում են դոպամին և աշխատում են ուղեղի շարժողական կենտրոններում ( ինչպես հայտնի է, Պարկինսոնի հիվանդությունն առաջին հերթին ազդում  է շարժումների կոորդինացիայի վրա ):

Մասնագիտացման ժամանակ բջիջները մի քանի փուլ են անցնում: Հետազոտողները սպասում էին մինչև ցողունային բջիջները որոշակի ժամանակում վերածվում էին նյարդային բջիջների, որից հետո դրանք փոխպատվաստում էին լայնաքիթ կապիկների ուղեղ, որտեղ բջիջները վերջնականապես վերածվում էին շարժողական կեղևի հասուն նեյրոնների:

Մինչև բջջային փոխպատվաստումը կապիկներին ներմուծվում էր հատուկ նեյրոտոքսին , որը ոչնչացնում էր ուղեղում շարժողական նեյրոնները, և կապիկների մոտ սկսվում էին Պարկինսոնի հիվանդությանը բնորոշ ախտանիշներ: Սակայն նրանց ուղեղում նոր բջիջների առաջացումից հետո վիճակը  40–50%-ով բարելավեց. այսպես, վերջույթների բնորոշ դողի ուժգնությունը նվազեց, կենդանիների շարժումները դարձան ավելի բնական:

Բուժական էֆեկտը երկարատև էր. այն առնվազն մեկ տարի էր տևում: Այսինքն փոխպատվաստված բջիջները ոչ միայն հաջողությամբ հասունանում էին մինչև դոպամինային նեյրոններ, այլ նաև ընդգրկվում էին նյարդային շղթաների աշխատանքի մեջ, թեև այս նեյրոնները բնական բջիջների համեմատ սինթեզում էին կիսով չափ քիչ դոպամին,- գրում են հետազոտողները  Nature-ի հոդվածում: (Հնարավոր է. եթե բջիջներն ավելի շատ դոպամին արտադրեին, բուժական էֆեկտն ավելի ուժեղ լիներ):

Հիշեցնենք նաև, որ փորձարկման համար բջջային հումք վերցրվել էր նաև Պարկինսոնի համախտանիշով  մարդկանցից, այնուամենայնիվ այդ բջիջների հետ որևէ խնդիր չէր առաջացել: Նույնիսկ եթե հիվանդության պատճառներն այդ մարդկանց մոտ գենետիկ-ժառանգական էին, իսկ դա նշանակում էր, որ օրգանիզմի բոլոր բջիջների մոտ առկա էին համապատասխան արատավոր գեներ, միևնույնն է դրանք ոչ մի կերպ չէին արտահայտվում ոչ ցողունային բջիջների առաջացումից հետո, ոչ նեյրոնների առաջացումից հետո, ոչ էլ կապիկների ուղեղ դրանք պատվաստելուց հետո:

Այնուամենայնիվ, եթե խոսենք ապագա կլինիկական հեռանկարներից, ապա ցանկալի է հիվանդ մարդուն պատվաստել առողջ դոնորից վերցված բջիջներ: Եվ այստեղ ծագում են խնդիրներ՝  կապված իմունիտետի հետ, որը պետք է գրոհի օտար բջիջները:

Սակայն այստեղ կարելի է կիրառել մի քանի հնարքներ, որոնք նկարագրվել են  Nature Communications-ի զուգահեռ հոդվածում: Իմունային բջիջները սեփական բջիջներն օտարներից տարբերում են բջջաթաղանթի հատուկ մոլեկուլներով, այդպիսով, դոնոր ընտրելիս պետք է փորձել գտնել այնպիսին, որի թաղանթային մոլեկուլները նման լինեն հիվանդի բջիջների թաղանթային մոլեկուլներին:

Ինչպես ցույց տվեցին նույն կապիկների վրա իրականացված փորձերը, դա իսկապես հնարավորություն է տալիս քնեցնել իմունիտետի զգոնությունը:. Թեև այստեղ մեծաքանակ հետազոտություններ են անհրաժեշտ եղանակի անվտանգությունն ու հուսալիությունն ապացուցելու համար, կարևոր է նշել, որ բջիջ-ցողունային մոտեցումը սկզբունքորեն կարող է օգնել նյարդային համակարգի կոնկրետ հիվանդությունների դեպքում:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am